Wednesday, 17 April 2013

Մարտիրոս Սարյանի կենսագրությունը

Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Սարյանի (1898 թ.), Սոֆյա Միանսարյանի (1903 թ.) դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» (երկուսն էլ՝ 1902 թ.) և այլ գործեր:

1901 թ-ին Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902 թ-ին՝ Անիում: Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր
Ստեղծագործության 1-ին շրջանում (1904–09 թթ.), հրաժարվելով ավանդական մտածելակերպից և սկզբունքներից, Սարյանն ստեղծել է նոր ու արդիական արվեստ, որը կոչվում է «սարյանական»: 1907 թ-ին Մոսկվայում մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների, ներկայացրել է «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարըՀեքիաթ: Արարատի ստորոտին», 1904 թ., «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., և այլն), որը տոգորված է կյանքի առօրյայից բարձրանալու և տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալի ձգտումով
Ստեղծագործության 2-րդ շրջանում (1910-ական թվականներ) Սարյանը ճամփորդել է Կոստանդնուպոլսում (1910 թ.), Եգիպտոսում (1911 թ.), Պարսկաստանում (1913 թ.): Այդ շրջանի գործերըԿ. Պոլիս: Փողոց: Կեսօր», «Իվան Շչուկինի դիմանկարը», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլն), ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարի, կերպավորմամբ, ընդգրկված նյութով ու մոտիվներով իրական են
1910-ական թվականների պատկերներում Սարյանը, համադրելով եգիպտական կերպարվեստի մոնումենտալության ու ճապոնական գունագրության մի քանի էական հատկանիշներ, Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, ծավալաձևի սեզանյան սկզբունքը, գունագծերի շեշտադրման Վան Գոգի եղանակը, ստացել է նոր, ինքնատիպ արժեք ու որակ:
Մեծ եղեռնի (1915 թ.) ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին. Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց
1916 թ-ին Մոսկվայում Վարդգես Սուրենյանցի հետ ձևավորել է Վալերի Բրյուսովի «Հայ պոեզիան...» ժողովածուն, 1919 թ-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան
1921 թ-ին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, նշանակվել նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ, օգնել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադրմանը, Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945–51 թթ-ին եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1924 թ-ին մասնակցել է Վենետիկի բիենալեի XIV ցուցահանդեսին, 1926–28 թթ-ին ապրել և ստեղծագործել է Փարիզում, որտեղ 1928 թ-ին բացել է անհատական ցուցահանդես (նկարների մեծ մասն այրվել է հայրենիք տեղափոխող նավի հրդեհից): 1937 թ-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի
Սարյանի դիմանկարներում, նատյուրմորտներում, բնանկարներում և պաննոներումՀայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», երեքն էլ՝ 1923 թ., «Վահրամ Փափազյանի դիմանկարը», 1924 թ., «Աշնանային մառախլապատ օր», 1928 թ., «Զանգվի ափը», 1930 թ., «Ծաղիկներ», 1945 թ., «Բակի անկյուն», 1953 թ., և այլն) 1923 թ-ից արմատապես փոխվել են նկարչի տեխնիկայի որոշ սկզբունքներ. իրականության հետ կապը դարձել է առավել անմիջական, երևակայականն ու կյանքի իդեալականացված կերպավորումները փոխարինվել են շոշափելի և բնական պատկերացումներով: Ուշագրավ են Արարատյան դաշտի, Սևանի, Լոռու, Զանգեզուրի և այլ վայրերի բնանկարները: «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952–58 թթ.) համար արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի (1961 թ.): 
Սարյանը ձևավորել է գրքեր (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները», 1929 թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», 1930 թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», 1933 թ., և այլն), օպերային (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը», 1930 թ., Օդեսայում՝ 1933 և 1939 թթ., ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941 թ., Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», 1956 թ., և այլն) ու թատերական (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն», 1956 թ., Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումներ, նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը
Սարյանը գույնի մեծ վարպետ է. ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հզ. գործ: Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:
Սարյանի գործերից պահվում են հիմնականում ՀԱՊ-ում և նրա մասնաճյուղերում, նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԱՊՀ և այլ երկրների լավագույն թանգարաններում
Սարյանն արժանացել է Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալի (1958 թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1965 թ.): Նա ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի (1947 թ.) և ՀԽՍՀ ԳԱ (1956 թ.) ակադեմիկոս էր:
1955 թ-ից Հալեպում (Սիրիա) գործում է «Սարյան ակադեմիան», 1967 թ-ից Երևանում՝ տուն-թանգարանը: ՀՀ-ում Սարյանի պատկերով թողարկվել է 20-հզ-անոց թղթադրամ
Սարյանը գրել է «Գրառումներ իմ կյանքից» (1980 թ.) գիրքը:
Սարյանի անունով Երևանում կոչվել է փողոց, տեղադրվել է հուշարձանը: