Saturday, 10 August 2013

Ագռավ և արջնագռավ

 Ագռավն ու արջնագռավն իրար հետ չպետք է շփոթել: Չնայած նրանք ցեղակիցներ են, բայց հեշտությամբ զանազանվում են նույնիսկ արտաքինով: Արջնագռավը խոշոր թռչուն է:
Նրա մարմնի երկարությունը մինչև 66 սմ է, փետուրները խիտ են, փայլուն ու սև: Ագռավն ավելի փեքր է, և, գլխավորն է, նրանց մեխամասնությունն էլ սև չէ: Սև են ագռավների միայն գլուխը, թևերն ու պոչը, իսկ մարմինը ծխամոխրագույն է: Նրանց հենց այդպես էլ անվանում են ` մոխրագույն ագռավներ: Մոխրագույն ագռավներն ապրում են հյուսիսային Եվրոպայում ` Սկանդինավայում, Հյուսիսային Ամերիկայում, ՍՍՀՄ-ում,սկսած արևելյան սահմաններից մինչև Ենիսեյ գետը, այդ թվում նաև մեր հանրապետությունում` Սովետական Հայաստանում: Իսկ Ենիսեյից այն կողմ սև ագռավների «տիրություններն» են: Նրանք ապրում են ամբողջ Ասիայում և Եվրոպայի հարավ-արևմուտքում: Մոխրագույն և սև ագռավների «տիրությունների» սահմաններին միառժամանակ հանդիպում են երկուսն էլ, և դեռ խառնածիններ էլ: Իրենց ավելի խոշոր ազգակցից` արջնագռավից, ագռավները վախենում են և նրա վրա  հարձակվում են ամողջ երամով: Արջնագռավն ամենակեր է, ուտում է մրգեր, հացահատիկ, ամեն տեսակ կանաչեղեն, ավերում նաև բներ, գողանալով, նույնիսկ, խոշոր որորների ձվերն ու ձագերին: Ոչնչացնում է փոքրիկ նապաստակներին և որոշ կրծողների, չի խորշում նաև լեշից: Ունի սուր լսողություն և տեսողություն: Կարողանում է ապրել թե´ հյուսիսում և արևադարձային գոտիներում և թե´ անապատներում ու ավելի քան 4հզ. մ բարձրությամբ խստաշունչ լեռներում: Արաբներն այդ թռչնին անմահ էին համարում: Առհասարակ, հնում կարծում էին, թե արջնագռավը 3հարյուր տարի է ապրում: Իրականում նրա կյանքը տևում է 70-75 տարի: Ողջ կյանքում արջնագռավներն ապրում են համերաշխ զույգերով և նույն տեղում: Միայ թե հաճախակի նոր բույն են հյուսում հնի մոտակայքում: Այդ կերպ նրանք ազատվում են տարբեր մակաբույծներից, որ բազմանում են նրանց փափուկ ու տաք բներում: Արջնագռավները շատ զգուշավոր են և հեռու են մնում մարդկանցից: Մինչ դեռ ագռավները մարդուց չեն վախենում: Ձմռանը նրանք երամ-երամ հավաքվում են նույնիսկ մեծ քաղաքների կենտրոններում:
Ամեն առավոտ թռչում են դեպի քաղաքամերձ դաշտերն ու աղբակույտերը, իսկ երեկոյան միշտ միևնույն ժամին վերադառնում քաղաք` գիշերելու: Մեծ երամներն իրենց սովորկան երթուղով թռչում են բարձր կռնչալով, բայց գետնին նստում են անձայն ու անաաղմուկ: Ագռավները բնադրում են առանձին զույգերով` անտառների փեշին և, նույնիսկ, քաղաքներում:
  Տարվա բոլոր պահերին մենք ագռավներ են տեսնում, բայց դրանք միևնույն ագռավները չեն: Երբ նրանց սկսեցին օղակ հագցնել, պարզվեց, որ լենինգրանդյան ագռավները ձմեռում են Փարիզի մոտ, իսկ Լենինգրադի մոտերքում` Մուրմանսկի կողմերից չվածները: Մոսկվայի մոտերքում հյուրընկալվում են Արխանգելսկի կողմերից եկացները, իսկ մոսկովյանները` Կիևի և Խարկովի մերձակայքում: Գարնանը նրանք վերադառնում են հարազատ վայրերը և նորոքում հին բները:
  Այդ բները այնքան էլ կոկիկ տեսք չունեն. պարզապես ճյուղերի և շյուղերի կույտեր են` նման մաշված լայնեզր գլխարկների: Բայց ներսից դրանք պատված են փափուկ աղվամազով, երբեմն էլ լաթի ու պորոլոնի ձվեններով. Ագռավը վաղուց է հարևանի պես օգտվում «մարդկային» նյութերից: Սակայն միշտ չէ, որ այդ հարևանությունը դուր է գալիս մարդուն:
Օրինակ, որսորդական տնտեսություներում ագռավներն ոչնչացնում բադի ձվերը: Սպասում է ագռավը այնքան, մինչև բադըհեռանում է բնից, ապա թռցնում է ձուն, մի հարմար տեղ ջարդում ու խմում: Դրա համար էլ այդ վայրերում ագռավների վրա կրակում սպանում են: Սակայն, հեշտ գործ չէ ագռավ խփելը, որովհետև նրանք հիանալի զանազանում են հրացանավոր մարդուն և խուսափում նրանից: Բայց ագռավների խորամանկության դեմ մարդիկ էլ ունեն իրենցը. տնտեսության որսորդը բադերի բների մոտ, եղեգներից, կախում է արծաթափայլ փայլաթիթեղի կտորանք և վրան սպիտակ թել փաթաթում: Զգուշավոր ագռավները երկնչում են այդպիսի անծանոթ խրտվի լակներից:
  Ե´վ արջնագռավներին, և´ ագռավներին կարելի է խոսել սովորեցնել: Դա, անշուշտ, ոչ թեիմաստավորված խոսք է, այլ նմանակում: Նրանք շատ լավ կարողանում են «օտարներից» զանազանել «իրենց» մարդկանց ու կենդանիներին: Այս թռչունները շատ են սիրում նաև փայլուն իրեր գողանալ:
  Արջնագռավն իսկական սանիտար է. որսում է կրծողների, ոչնչացնում լեշն ու հիվանդ, սատկող կենդանիներին: Ցավոք, նա հազվագյուտ թռչուն է դարձել, Եվրոպայի շատ վայրերում արջնագռավը լրիվ ոչնչացվել է: Այժմ նա պահպանության տակ է առնված: