Monday 18 January 2016

Առողջագիտություն

Կլիման լուրջ ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա: Դեռևս Հիպոկրատն է գրել, որ տարբեր մարդկանց օրգանիզմը տարբեր ձևով է վերաբերվում եղանակի փոփոխություններին` որոշ մարդիկ իրենց լավ են զգում ամառային սեզոնում, մյուսները` ձմեռային, հիվանդությունները տարբեր են ընթանում տարվա տարբեր եղանակներին, տարբեր երկրներում և կյանքի պայմաններում: Եղանակը մարդու վրա ունենում է ուղղակի և անուղղակի ազդեցություն: Ուղղակի ազդեցությունը շատ բազմաբնույթ էև պայմանավորված է մարդու օրգանիզմի վրա կլիմայական գործոնների անմիջական ազդեցությամբ, առաջին հերթին օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև ընթացող ջերմափոխանակության պրոցեսի վրա, որն արտացոլվում է մաշկի արյունամատակարարման, շնչական, սիրտանոթային և քրտնարտադրման համակարգերի վրա: Օրգանիզմի վրա, որպես կանոն, ազդում է ոչ թե մի առանձին մեկուսացված գործոն,այլ նրանց ընդհանրությունը, ընդ որում հիմնական ազդեցություն գործում են ոչ թե եղանակի սովորական տատանումները, այլ գլխավորապես նրանց հանկարծակի փոփոխությունները: Օրգանիզմի որոշ ֆունկցիաներին բնորոշ են սեզոնային փոփոխությունները: Դա վերաբերում է մարմնի ջերմաստիճանին, նյութափոխանակության ինտենսիվությանը, արյան շրջանառության համակարգին, արյան և հյուսվածքների բջջային կազմին: Այսպես, ամառային շրջանում ջերմատվության բարձրացման համար տեղի է ունենում մաշկի անոթների լայնացում, արյան զանգվածի վերատեղաբաշխում ներքին օրգաններից դեպի մաշկային հյուսվածքները, որի հետևանքով արյան զարկերակային ճնշումն ամռանն ավելի ցածր է լինում, քան ձմռանը: Եղանակային պայմանների հետ անմիջական կապված են այն հիվանդագին վիճակները, որոնք առաջանում են օրգանիզմի գերտաքացման կամ գերսառեցման հետեւանքով: Գերտաքացում և ջերմային հարվածն առաջանում են ամռանը շոգ, առանց քամու եղանակներին: Գրիպը, մրսածության հիվանդությունները, վերին շնչուղիների բորբոքումները, որպես կանոն, ծագում են աշնան և ձմռան ընթացքում: Որոշ ֆիզիկական գործոններ, այդ թվում եղանակային/մթնոլորտային ճնշում, խոնավության մակարդակ, օդային հոսանքները, թթվածնի կոնցենտրացիան, Երկրի մագնիսական դաշտի գրգռվածության աաստիճանը/ մարդու օրգանիզմի վրա ունենում են ոչ միայն ուղղակի ազդեցություն: Առանձին կամ այս կամ այն համակցությամբ նրանք կարող են խորացնել առկա հիվանդության ընթացքը, պայմաններ նախապատրաստել վարակիչ հիվանդությունների հարոցիչների բազմացման համար: Այսպես, տարվա սառը շրջանում եղանակի չափազանց փոփոխականության հետ կապված սրանում են սիրտանոթային հիվանդությունները` հիպերտոնիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը: Աղիքային ինֆեկցիաները բնորոշ են տարվա շոգ շրջաններին: Խրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց համար առավել դժվար է հարմարվել եղանակային փոփոխվող պայմաններին: Որոշ հիվանդներ այնքան զգայուն են դառնում եղանակի փոփոխությունների նկատմամբ, որ իրենց ինքնազգացողության փոփոխությունների շնորհիվ կարող են կանխագուշակել եղանակի փոփոխությունները: Օդային հոսանքների ներխուժումը, որոնք բերում են եղանակի փոփոխությունների, հաճախ դիտվում են հիպերտոնիկ, սիրտանոթային այլ հիվանդությունների սրացումներ: