Tuesday 22 March 2016

Դասեր բնության գրկում


Մարտի 21-ին, ուղևորվեցինք դեպի Սևանի «Ժայռ» հանգստյան գոտի։ 2 ժամ ճանապարհ անցնելուց հետո, վերջապես հասանք տեղ։ Սկզբի համար մի քիչ անսովոր, բայց հաճելի ցուրտ էր։ Հասնելուն պես հավաքվեցինք ծանոթանալու, ու տեղանքը ուսումնասիրելու։ Մինչ մենք ծանոթանում էինք տեղանքին, ընկեր Բորիսը մեզ տեղեկացնում էր կանոնների մասին։
Քոթեջներն ընտրելու, ու իրերը դասավորելու ժամանակն էր։ Հարմարավետ տեղավորվելուց հետո կազմակերպեցինք մեր ճաշը սեփական ուժերով։ Հետո զրուցեցինք ճամբարի պետի՝ Ալիկ Մինասյանի հետ իր փայտե տնակում՝ որտեղից հիանալի տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճը։ Խոսեցինք հայրենասիրության ու ռազմագիտության մասին։
Հետո գնացինք զինվարժանքի։ Կրակեցինք օդամղիչ հրացաններով։ Ընկեր Բորիսը մեզ սովորեցրեց ինչպես օգտվել հրացանից ու ինչպես դիպուկ կրակել նշանակետին։ Ունեցանք ենթադրյալ վիրավորներ, որոնց պետք էր տեղափոխել դեպքի վայրից։ Ռազմագիտությունը սահուն վերածվեց առաջին բուժօգնության դասի։ Իմացանք ինչպես տեղափոխել վիրավորներին, ու ինչպես առաջին օգնություն ցուցաբերել։ Սովորեցինք ինչպես օգնել ցրտահարված տուժածին։ Իսկ երեկոյան ցուրտ եղանակին գնացինք վառարանի մոտ։

Հաջորդ օրը շատ շուտ արթնանալով որոշեցինք տղաների քունը հարամել։ Տարբեր պատրվագներով մտնում էինք իրենց տնակներն ու իրենց արթնացնում։
Ամեն անգամ չստացված համարելով վերադառնում էինք մեր տնակ, նոր պլան որոշելու։ Հետո, երբ բոլորը արթնացան, շտապեցինք նախավարժանքի։ Վազեցինք, որից հետո անցանք ուժայինների։
Մարզվելուց հետո «խեղդվեցինք» լճում, ու սովորեցինք, թե ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին։ Նոր գիտելիքներ ստացած շտապեցինք ճաշելու։ Ճաշին հաջորդեց ռազմագիտության մեր հերթական դասը։ Սովորեցինք ինչպես նետել հակատանկային նռնակները։ Զինված, նոր գիտելիքներով ու վառ տպավորություններով վերադարձանք Երևան։ Ստացված նախագիծ էր։