Tuesday 6 February 2018

ՀՀ-ի քաղաքական համակարգը 2018 թ. ապրիլից հետո

Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգին կսկսի անցնել 2018 թ. փետրվարից:

Նոր սահմանադրության համաձայն՝ առաջինը փետրվարի 19-28-ի ընթացքում առաջարդվելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Իսկ մարտի առաջին տասնօրյակում, ըստ նոր Սահմանադրության, խորհրդարանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին:

Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին և հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորություններն ու կառավարությունը հրաժարական կներկայացնի:

Ապրիլի 9-16-ի ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն ՀՀ 15-րդ վարչապետի իրենց թեկնածուներին՝ նոր կառավարություն ձևավորելու համար: Թեկնածուներին առաջադրելուց հետո Ազգային ժողովը նիստի ժամանակ պետք է ընտրի վարչապետ, սակայն խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ պետք է նշանակի ՀՀ նախագահը:

Նշանակվելուց հետո արդեն ՀՀ վարչապետը 5-օրյա ժամկետում առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին և նախագահը նրանց նշանակում է եռօրյա ժամկետում: Դեռևս հստակ չէ, թե 2018թ. հետո Հայաստանում նշանակված նոր վարչապետը քանի փոխվարչապետ կունենա, բայց Սահմանադրությամբ սահմանվում է, որ վարչապետը կարող է ունենալ մինչև 3 փոխվարչապետներ:

Նոր կառավարության ձևավորման ավարտի հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է, իսկ ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը ավարտված կհամարվի, երբ լիազորությունները կստանձնի հանրապետության նորընտիր նախագահը:


2018-ի ապրիլից հետո ՀՀ նախագահի մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում նաև մամուլում: Այս ընթացքում գրվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի անունը: Իսկ վարչապետի հավանական թեկնածուներից նշվում է Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի և Վիգեն Սարգսյանի անունները:

Աղբյուրը՝ tert.am