Sunday 25 February 2018

«Նեմեսիս» գործողություն

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:Գործողությունը կազմակեպել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Նեմեսիս» կամ «Նեմեզիս» է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ հրամանագրով դատավարություն սկսեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ջեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս՝ 1919-ի ապրիլի 28- ից հունիսի 26-ը: Անգլիական հրամանատարությունը 77 մեղադրյալների տեղափոխեց Մալթա կղզի, որոնց հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ:


Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31 մեղադրյալներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր տարիների բանտարկության: Մալթայում ներկալվածները չհիշատակվեցին անգամ դատավճռի մեջ: Իթթիհատի շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն, որի դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց մահվան, 10-ը՝ տարբեր տարիների բանտարկության: Փաստորեն, այս ամենը կեղծիք էր: Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք ոճրագործներին: Միաժամանակ անհրաժեշտ էր մեծ պետությունների հասարակական-քաղաքական շրջաններին բացահայտել այդ երկրների՝ հայկական ջարդերում ունեցած մեղսակցությունը: Հայերը դժգոհ էին նաև Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշումներից:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թ. Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:
«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ հիմնադրամ (ղեկավար` Շահան Սաթճակլյան):

Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց նշանավոր գրող Շահան Նաթալին, օգնական՝ Գրիգոր Մերճանովը: Տեղեկությունների հավաքումը իրականացնում էր թուրք վտարանդիության շարքերը թափանցած իրավաբան Հրաչ Փափազյանը:

«Նեմեսիսը» կազմակերպվեց գերազանց կերպով և անցկացվեց չափազանց տպավորիչ: 1919-22թթ. սպանվեցին թուրք ոճրագործներ՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին, Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում՝ հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի կողմից ոչ մի կողմնակի անձ չի տուժել:

«Նեմեսիսը» ընդհատվեց, երբ ընդունվեց «Պրոմեթևս» ծրագիրը: 1922թ. հայ, վրացի և ազերի վտարանդի կառավարությունները, մտան համագործակցության մեջ ընդդեմ բոլշևիզմի, և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը: Իթթիհատի գլխավոր քարտուղար Նազըմը գաղտնի անցավ Թուրքիա, 1926թ. Քեմալի դեմ կազմակերպված անհաջող մահափորձից հետո ձերբակալվեց և կախաղան հանվեց նույն թվին, Զմյուռնիայում (Իզմիր):

Աղբյուրը`   gisher.org