Tuesday 22 May 2018

Նամակ Ձմեռ Պապիկից

“A Letter from Santa Claus” by Mark Twain
Նամակ Ձմեռ Պապիկից 

Սուրբ Նիկոլասի դղյակ
Սուրբ ծննդյան առավոտ
Իմ  սիրելի՛ Սյուզի Քլեմենս, ես ստացել և կարդացել եմ բոլոր այն նամակները, որոնք դու և  փոքրիկ քույրիկդ գրել եք: Ես կարող եմ կարդալ քո և  փոքրիկ քույրիկիդ խզբզած ու ֆանտաստիկ տառերը առանց որևէ  դժվարության: Բայց ես խնդիր ունեմ այն նամակների հետ, որոնք դու թելադրել ես մայրիկին և դայակին, քանի որ ես օտարերկրացի եմ և չեմ կարող լավ  կարդալ անգլերեն ձեռագիրը: Դու գիտես, որ ես սխալ թույլ չեմ տվել՝ կապված քո և երեխայի նամակներում գրված նվերների հետ: Ես կեսգիշերին ներքև եմ իջել ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք, և ինքս  բերել եմ այդ բոլորը և համբուրել եմ ձեզ երկուսիդ… Բայց… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքրիկ նվերներ, որոնք ես չկարողացա թողնել, որովհետև գուլպաները վերջացել էին…

Քո մայրիկի նամակում կար մեկ կամ երկու բառ, որը … ես ենթադրում եմ, որ պետք է լիներ «մեկ բեռնախցիկ՝ լիքը տիկնիկի շորերով»: Դա այդպե՞ս է: Ես կգամ ձեր խոհանոցի դռան մոտ այս առավոտ՝ մոտավորապես ժամը իննին՝ տեղեկանալու: Բայց ես չպետք է տեսնեմ ոչ ոքի և չպետք է խոսեմ ոչ ոքի հետ, բացի քեզնից: Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջը, աչքերը կապած,  պետք է գա դռան մոտ: Դու կասես Ջորջին, որ նա պետք է քայլի ոտքի թաթերի վրա և չպետք է խոսի, հակառակ դեպքում նա մի օր կմահանա: Հետո դու պետք է գնաս մանկական սենյակ և կանգնես աթոռին կամ դայակի մահճակալին և դնես քո ականջը խոսափողին, որը իջնում է խոհանոց, և երբ ես սուլեմ, դու պետք է խոսես խողովակի մեջ և ասես. «Բարի՛ գալուստ, Ձմե՛ռ պապ:» Հետո ես կհարցնեմ՝ արդյոք դա բեռնատա՞ր է, թե՞  ոչ: Եթե դու ասես, որ քո ցանկացածը բեռնատար է, ապա ես կհարցնեմ, թե ինչ գույնի բեռնատար ես ուզում… Եվ հետո դու պետք է ինձ մանրամասն ասես ամեն ինչ այն ամենի մասին, ինչ  դու ուզում ես՝ լինի բեռնատարի մեջ: Այնուհետև, երբ ես ասեմ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրի՛կ Սյուզի Քլեմենս», դու պետք է ասես «Ցտեսություն իմ ծե՛ր, բարի՛ Ձմեռ պապ, շատ շնորհակալ եմ»: Հետո դու պետք է գնաս գրադարան և ստիպես Ջորջին փակել գլխավոր սրահ տանող բոլոր դռները, և բոլորը պետք է որոշ ժամանակ լուռ մնան: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բոլոր բաները և մի քանի րոպեից կիջնեմ ներքև այն ծխնելույզով, որը գլխավոր սրահում է: Եթե քո ուզածը բեռնատար է, ես չեմ կարող նման բան, ինչպիսին բեռնատարն է, իջեցնել մանկական սենյակի ծխնելույզով, դու գիտես…: Եթե ինձանից հետո ձյուն մնա սրահում, ասա Ջորջին, որ մաքրի այն և լցնի  բուխարին, քանի որ ես ժամանակ չունեմ նման բաների: Ջորջը չպետք է օգտագործի ավել, այլ պետք է մաքրի այն ջնջոցով, հակառակ դեպքում նա մի օր կմահանա: Եթե իմ կոշիկից հետք մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է քերելով մաքրի այն: Թող այն մնա այնտեղ որպես հիշողություն իմ այցելությունից: Եվ երբ էլ որ դու դրան նայես կամ ցույց տաս ինչ-որ մեկին, այն կհիշեցնի քեզ՝ պետք է լինել փոքրիկ, բարի աղջիկ: Եվ երբ էլ որ չարաճճի լինես,  և ինչ-որ մեկը ցույց տա քեզ քո բարի, ծեր Ձմեռ պապիկի կոշիկի թողած հետքը մարմարի վրա, ի՞նչ կասես, անուշի՛կս…